Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը

Պարիս Հերունու աստղադիտակն իր ժամանակի լավագույններից մեկն էր։ 2000-ականներից այն չի աշխատում, որովհետև միջոցներ չեն հատկացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն ուզում է 2019 թվականին վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց հիմնադրամի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Արևիկ Սարգսյանը։

Նավասարդը` Քարահունջի աստղադիտարանում

«Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գումար հավաքել և մասնագետներ ներգրավել, իսկ տարեվերջին` արդյունքների հասնել։ Այդ աստղադիտակով ուսումնասիրությունները կարող են և՛ նոր ֆունդամենտալ բացահայտումների, և՛ կիրառական նախագծերի հանգեցնել, օրինակ` տիեզերական տարածքում օբյեկտներին հետևելու վերաբերյալ», – նշեց Սարգսյանը։

Պարիս Հերունու օպտիկական ռադիոաստղադիտակը ստեղծվել էր Հայկական ԽՍՀ–ում գործող ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ուժերով (Աշտարակում)։ Այն գործարկվել էր 1986 թվականին, իսկ արդեն մեկ տարի անց դրա օգնությամբ գրանցվել էին առաջին գիտական գյուտերը։ 2000-ականների սկզբին ֆինանսավորման բացակայության պատճառով, աստղադիտակի աշխատանքը կասեցվել էր։

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը ՀՀ նախագահի հրամանով գործում է 2016 թվականից։