Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Արա Նաջարյանը

Նաջարյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնում է չորրորդ անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Այս մասին հայտնում է myglendalecitynews.org կայքը։

Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:

​«Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը:

Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին: