ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկում անհեթեթ են համարում լուրերն այն մասին, որ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Ավելի վաղ նման կանխատեսում էր արել «Ժամանակ» թերթը` նշելով, դա արվելու է արտահանումը խթանելու համար:
ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ԿԲ–ն արդեն երկար տարիներ անցկացնում է ազգային արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականություն։
«Դա նշանակում է, որ դրամի փոխարժեքը որոշում է շուկան, այլ ոչ թե այս կամ այն գերատեսչությունը։ ԿԲ–ն սահմանել է որոշակի կանոն, և յուրաքանչյուր արժութային ինտերվենցիա արտացոլված է կառույցի կայքում։ Ցանկացած մարդ կարող է տեսնել ԿԲ կողմից գնված կամ վաճառված արժույթի ծավալը։ Ելնելով դրանից` նման հրապարակումները չեն դիմանում ոչ մի քննադատության», – նշեց Բերբերյանը։
Մեր զրուցակցի կարծիքով` դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի ձևավորման կայացած համակարգն անհնար է դարձնում ազգային արժույթի արժեզրկման վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն։ Եվ Հայաստանում չի կարող լինել իրավիճակ, որի դեպքում պետք է արհեստականորեն նվազեցնել կամ բարձրացնել դրամի փոխարժեքը։
Ապրիլի 3–ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 486,47 դրամ։ Վերջին երեք ամիսների ընթացքում հայկական արժույթը ցույց է տվել արժեզրկման աննշան միտում։