Sputnik Արմենիա
Ուրվագծվեց, ուրվագծվեց և ահա հորիզոնում երևաց Sputnik Արմենիայի սեփական «սպուտնիկը»։ Այնտեղ առանց Sputnik Արմենիայի ուղղակի կյանք չունեն։ Եվ հաճելի կլիներ, եթե Sputnik–ի արբանյակը «ծանր հրետանի» լիներ, թե չէ խանութի վաճառող–խորհրդատուի նման կողքովդ քայլում է, նայում, թե ինչի ձեռք տվեցիր, ինչից հոտ քաշեցիր... հետո մեկնաբանում։
Եվ ոչինչ, որ նրանք ուղղակի մեկնաբանեին այն ոգով, ինչպես իրենց ներկայացնում են` իրավունք ունեն։ Մակարդակի մասին չենք դատում, որպեսզի չդատվենք, բայց ահա սպուտնիկն ապահովում է իրեն աշխատանքով Sputnik–ի նյութերի հաշվին։
Ի՞նչ էիք անելու առանց մեզ, գրելու բան չէի՞ք ունենալ. մաղարիչ պետք է անեք։
Sputnik–ը, պատահում է, նույնիսկ կարդում է սպուտնիկի կողմից իր նյութերի մեկնաբանությունը` երբեմն ծիծաղելով, երբեմն զարմանալով, բայց ամենից հաճախ անկողմնակալ։ Բայց հիմա անկողմնակալ չի ստացվի։
Չենք զլանա սպուտնիկին շնորհակալություն հայտնել նրա համար, որ Sputnik–ը չեն խառնել այն ԶԼՄ–ների հետ, որոնք կուլ են տվել բացահայտ ստի խայծը։ Բայց չէին էլ կարող. Sputnik Արմենիան, ինչպես նշվում է սպուտնիկի հրապարկման մեջ, «ստացել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը»։
Խոսքն այն մասին է, որ Աննա Հակոբյանն իբր ԱՄՆ–ից Փարիզ է մեկնել Մեհրիբան Ալիևայի հետ, և նրանք նույնիսկ միասին են նստել ինքնաթռիում։ Լուրը տարածել է Facebook-ի օգտատերերից մեկը, որը նույնիսկ խոստացել է ցույց տալ համապատասխան ֆոտոփաստեր։ Ինչ–որ բան պնդելուց առաջ Sputnik–ը մեկնաբանություն է վերցրել Հասմիկ Հարությունյանից` Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարից, և բառ առ բառ հրապարակել այն։
Իսկ Sputnik–ի սպուտնիկը, վշտանալով, որ բաց է թողնում հերթական մեղադրանքով հանդես գալու առիթը և նման լավ շանս է կորցրել, որոշել է ֆոտոկոլաժ պատրաստել (կամ վերահրապարակել Memo տելեգրամ ալիքից), որում պատկերված է, թե ինչպես են Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան իբրև թե միասին ուղևորվել ԱՄՆ։ Դե թխել, թխել եք, բայց ինչո՞ւ էր պետք լուսանկարի վրա դնել Sputnik–ի տարբերանշանը։ Ինչո՞ւ տեղադրել կրկնակի կեղծ լուսանկարի վրա (կեղծ լուր` ներկայացված որպես Sputnik–ի նյութ) Sputnik–ի watermark–ը։
Դնեիք ձեր «Баграмян 26»–ը, թեկուզ քերականական սխալով։ Ձեր իրավունքն է։
Բայց Sputnik–ի watermark–ը բացառապես Sputnik–ի գործն է։ Իսկ ուրիշի տարբերանշանը կեղծ նյութում օգտագործելն առնվազն անբարոյականություն է։ Մաքսիմում ցանկության դեպքում կարելի է դիտարկել նման գործողությունների օրինականության հարցը։
Կան որոշակի watermark–ներ, դրանք կարմիր գծեր են, որոնք չի կարելի հատել՝ ղեկավարվելով նույն տարրական բարոյականությամբ։ Բացի այդ, խանութում վաճառող–խորհրդատուն սովորաբար քայլում է` մի քայլ հեռու մնալով հաճախորդից։
Շնորհակալություն, որ նման գովելի մշտականությամբ և ուշադրությամբ հետևում եք մեր հրապարակումներին։