Ավելին է, քան եկեղեցի. Ստեփանակերտում Զվարթնոցի տաճարի նմանությամբ եկեղեցի կբացվի

Անհնար է գերագնահատել առաջիկա կիրակի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նախանշված իրադարձության նշանակությունն ու կարևորությունը թե՛ հոգևոր-մշակութային, թե՛ հասարակական-քաղաքական տեսանկյունից:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի –Sputnik, Արմեն Հակոբյան. Ապրիլի 7-ին, Ստեփանակերտի կենտրոնում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը: Այն Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է լինելու։

Արցախը, բնականաբար, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ու միջնադարյան եկեղեցիներով, վանական համալիրներով: Եթե մեծ էքսկուրս չարվի, ապա Ամարասի, Գաձասարի, Դադիվանքի հիշատակումն անգամ բավարար է: Էլ չենք խոսում Շուշիի Ղազանչեցոցի մասին:

Զբոսաշրջային դրախտ. Սևանա լճի երկու եկեղեցիները

Եվ ահա, ապրիլի 7-ին, երբ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման օրը, որի առթիվ նաև Մայրության և գեղեցկության օրն է, Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտի կենտրոնում կօծվի ու հավատացյալ ժողովրդի առջև դռները կբացի հիրավի փառահեղ Մայր տաճար՝ Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցին:

Մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանն ու նա է հաստատել կառույցի նախագիծը, իսկ 2006-ին էլ օծել եկեղեցու հիմքերը:

Եկեղեցու կառուցման համար միջոցներ են տրամադրել տարբեր բարերարներ: Իսկ առաջին արձագանքողը եղել է հայտնի գործարար, լուսահոգի Հրանտ Վարդանյանը, ում գործը շարունակել են իր որդիները:

Եկեղեցին իսկապես էլ հզոր ու տպավորիչ է ստացվել, որպես կառույց, Արցախում ու Հայաստանի այլ վայրերում եղած եկեղեցիների ճարտարապետական շուքին ու վայելչությանը համահունչ:

Դադիվանք. ինչպես ադրբեջանաբնակ քուրդը «փրկեց» Արցախի վանքի որմնանկարները

Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը 3 մետր: Ճարտարապետական առումով, ըստ Երանոսյանի, տաճարը եռաստիճանությամբ նման է Զվարթնոցին: Այս օրերին բարեկարգման և հարդարման վերջին աշխատանքներն են իրականացվում եկեղեցու մերձակա տարածքում, որը նաև որպես պուրակ է ծառայելու:

Ինչ խոսք, հոգևոր տեսանկյունից Ստեփանակերտի Մայր տաճարի օծումն ու բացումը մեծ իրադարձություն է՝ հավատացյալ մեր հայրենակիցների համար, ինչպես ամենօրյա աղոթքի և հոգևոր պահանջմունքների բավարարման, այնպես էլ՝ կրոնածիսական արարողությունների հասանելիության առումով:

Խիստ ակնահաճո է, որ կառուցվել է այնպիսի եկեղեցի, որին իսկապես էլ Մայր տաճար բնորոշումն է վայելում: Իսկ Արցախի մայրաքաղաքում Հայ Առաքելական եկեղեցու նման հիմնավոր տաճարը որպես անհրաժեշտություն ու առկա իրողություն այնքան խոսուն է գաղափարական, հասարակական և քաղաքական առումներով, որ ընկալելի է նաև առանց լրացուցիչ բացատրությունների: Եթե խիստ հակիրճ` ապա Ստեփանակերտի Մայր տաճարն ավելին է, քան պարզապես եկեղեցի:

Ավելին է, քան եկեղեցի. Ստեփանակերտում Զվարթնոցի տաճարի նմանությամբ եկեղեցի կբացվի