ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Փորձաքննությունը կորոշի` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կալանքից կազատվի, թե ոչ։ Այսօր Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Իրականացվում է փորձաքննություն` ճշտելու` արդյոք անազատության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, թե ոչ»,– ասաց նա։
Անդրադառնալով կոնկրետ քրեական գործերով կիրառված կալանքի որոշումներին` Զեյնալյանը նշեց, որ կալանքը կարող է կիրառվել, եթե անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ։
«Հիմա մենք նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի, սակայն գործնականում կիրառվում է»,– ասաց Զեյնալյանը։
Նախարարն այս համատեքստում նշեց նաև, որ իրավակիրառ պրակտիկայում ակնհայտ բարելավում կա։
«Դատարաններն այսօր ավելի համարձակ են մերժում կալանքի միջնորդությունները կամ ոչ իրավաչափ ճանաչում ձերբակալությունը»,– ասաց նա։
Հիշեցնենք` մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել էր Եվրոպական դատարան` խնդրելով միջանկյալ միջոց ձեռնարկել` ՀՀ իշխանություններին պարտավորեցնելու Մանվել Գրիգորյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու` բժիշկ մասնագետների հսկողության տակ։
Հայցադիմումով պահանջվում է նաև Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիայում գտնվող բուժհաստատություն՝ նրա հետագա հետազոտությունն ու բուժումը կազմակերպելու նպատակով:
2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:
2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։