ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ)»,–ասաց Հարությունյանը` հավելելով, որ քրեական գործը քննչական մարմինը ստացել է ոստիկանությունից և ընդունել վարույթ:
Հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։
ՀՀ Գլխավոր Դատախազությունն այս մասին մամուլի հրապարակումն ուղարկել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու համար: