ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Սվերդլովսկում մեկնարկել են «Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Այս մասին հայտնում է Սվերդլովսկի մարզի կառավարության կայքը։
«Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսությունը» միջազգային նախագծի նպատակն է պատմել երեք պետությունների մշակութային կապերի և պատմության ընդհանուր էջերի մասին։ Գլխավոր նպատակն է ռուսների, հայերի և վրացիների միջև ազգամիջյան համագործակցության զարգացումը ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
«Սվերդլովսկի մարզում ապրում են 160 ազգության ներկայացուցիչներ։ Ուստի ազգամիջյան կապերի կառուցումն անհրաժեշտ պայման է այդ տարածքի համար։ Երբ ժողովուրդները գիտեն միմյանց մշակույթն ու ավանդույթները, ավելի լավ են հասկանում և ընդունում միմյանց», – նշել է նախագծի կազմակերպիչներից մեկը` Մասիս Նազարյանը։
Վրաստանում ֆիլմի առաջին մասի նկարահանումները կտևեն մինչև ապրիլի 9–ը։ Գլխավոր կետերը կդառնան Թբիլիսին, որտեղ ապրել և ստեղծագործել են հայկական մշակույթի ու գիտության բազմաթիվ ներկայացուցիչները, և Ախալքալաքը, որը Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի պատմության խաչմերուկն է։
Այնուհետև ֆիլմի ստեղծողները կտեղափոխվեն Հայաստան, որտեղ նկարահանումները տեղի կունենա Երևանում և Բերդում։
Առաջին օրը կինեմատոգրաֆիստները կլոր սեղան կանցկացնեն Երևանի պետական համալսարանում, որի ընթացքում ուսանողների և երիտասարդ ակտիվիստների հետ կորոշեն նկարահանումների համար նշանակալի օբյեկտները։
Հայաստանում նկարահանումներից հետո նրանք կվերադառնան Սվերդլովսկի մարզ։