Փաշինյանն ամփոփել է ՊԵԿ–ի աշխատանքի արդյունքները. գերակատարումներ ու գերազանցումներ

ՀՀ վարչապետը հանդիպել է ՊԵԿ նախագահին ու որոշ ցուցանիշներ հրապարակել Facebook-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վարչապետն ամփոփել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոններ պահանջելու համար

Ըստ ներկայացված տեղեկության`պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: «Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել»,– գրում է Փաշինյանը:

Բացի այդ, առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 20 միլիոն 710 հազար 114 հատ ՀԴՄ կտրոն, ինչը 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել է 2018թ–ի նույն ցուցանիշը։

Փաշինյանը նաև հայտնում է, որ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որի կեսից ավելին՝ 288-ը, բավարարվել է: Այս ցուցանիշը վարչապետի համոզմամբ, վկայում է ոչ միայն հարկային մարմինների ու գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը: