Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա

Կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ համագործակցում է`ոչ սեյսմակայուն դպրոցների վերանորոգման, ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ, որոնք չեն կարող չազդել կրթության որակի վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ լուրջ խնդիրներ կան դպրոցների շենքերի սեյսմակայունության հետ կապված։

ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

«Ասիական զարգացման բանկի հետ ենք համագործակցում և ոչ սեյսմակայուն դպրոցների վերանորոգման, ամրակայման աշխատանքներ ենք իրականացնում։ Այսօր 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիրներ ունեն։ Այդ դպրոցներից 7-ն այս պահին վերանորոգվում են»,–ասաց ԿԳ նախարարը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով էլ ոչ սեյսմակայուն դպրոցներից այս տարի կվերանորոգվի 31-ը։

«Խնդիրն այն է, որ ի սկզբանե ենթադրվում էր, որ պետք է սեյսմիկ առումով անկայուն դպրոցներն ամրակայվեն, վերանորոգվեն։ Սակայն վերանորոգման աշխատանքները սկսվելուն պես՝ պարզ դարձավ, որ դպրոցների գերակշիռ մասը պետք է քանդվեն ու նորից կառուցվեն»,–ասաց Պապիկյանը։

Նախարարը նշեց նաև, որ կառավարության որոշմամբ այս պահին 46 ոչ սեյսմակայուն դպրոցների վերանորոգման որոշում է կայացվել։