Ինչպես բանկային ընդհանուր վարկեր տրամադրել ԵԱՏՄ–ում. քննարկում ԱԺ–ում

ԵԱՏՄ երկրները մտածում են վարկային տեղեկությունները փոխանակելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Եվրասիական միությունում քննարկում են միասնական ֆինանսական շուկայի հնարավորությունները, թեև դրա մասին դեռ վաղ է խոսել։ Այսօր Ազգային ժողովում կայացած տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։

ԵԱՏՄ–ն կարող է Հայաստանի տնտեսության համար լավ «շարժիչ» դառնալ. Ռուսակով

Չնայած հարյուրավոր պարզաբանումներին` շարունակում են հնչել եվրասիական միասնական արժույթի հարցերը։ Պետք է հերթական անգամ նշել, որ այդ հարցը մինչ 2025 թվականը չի քննարկվելու։ Աբրահամյանն ընդգծեց, որ միայն դրանից հետո քննարկումներ կսկսվեն։

Հիմա կողմերը քննարկում են` արդյո՞ք կարելի է Եվրասիական միությունում միասնական ֆինանսական շուկա ստեղծել։ Ճիշտ է` դեռ վաղ է խոսել ԵԱՏՄ տարածքում բանկերի ու բանկային վարկերի միասնական լիցենզիայի մասին (այսինքն, որ հայկական բանկը Բելառուսի կամ Ղրղըզստանի ռեզիտենտներին վարկ տրամադրելու ավտոմատ իրավունք ստանա)։

Դրա համար առաջին հերթին պետք է հարթել բանկերի հաճախորդների վարկային պատմությունների մասին տեղեկության փոխանակումը։

«Օրինակ`հիմա մեզ մոտ վարկային պատմությունների մի ռեգիստր է գործում` ACRA–ն։ Ռուսաստանում միասնական ռեգիստր չկա, դրանք մի քանի տասնյակն են։ Իհարկե, բոլորը հաշվետու են ՌԴ ԿԲ–ին։ Այդ պատճառով ավելի ճիշտ կլինի տվյալները փոխանակել կարգավորիչների մակարդակով։ Բայց պետք է հասկանալ` որքան ամբողջական են այդ տվյալները», – ասաց Աբրահամյանը։

Հայաստանը միայն տրանսպորտային միջանցք չէ. փորձագետները`ԵԱՏՄ–Իրան պայմանագրի մասին

Վերջնականապես լուծված չէ նաև կրիպտոարժույթի հարցը։ Միության երկրներից մեկում` Բելառուսում, կրիպտոարժույթի շրջանառությունը մասամբ թույլատրված է։ Եթե ֆինանսական շուկան ընդհանուր լինի, ապա դեռ հստակ չէ` կկարողանան արդյոք բելառուսական բանկերը բիտկոինները Հայաստան կամ Ղազախստան տեղափոխել։

Վերջապես պետք է ճշտել` երբ բոլոր հինգ երկրների կարգավորիչները կանցնեն Բազելի կոմիտեի (Basel III) ստանդարտներին` կոմերցիոն բանկերի առանցքային ցուցանիշներով (ռիսկի մակարդակով կշռված ակտիվների գործակից, կապիտալի բավարարվածության գործակից)։ Բոլոր այս հարցերը շարունակում են քննարկել ԵԱՏՄ կարգավորիչները։