ՀՀԿ ներկայացուցիչները «Եռաբլուրում» պատասխանել են պատերազմի մասին հարցերին

Լրագրողների հարցերին պատասխանել են Արմեն Աշոտյանը և Վիգեն Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Աստված մի արասցե, բայց, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավոր գերագույն հրամանատարության օրոք լինի նոր պատերազմ, քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հասարակական, ժողովրդական, քաղաքական համախմբում պետք է տեղի ունենա։ Կարևորը չկորցնել այն արժեքը, որն իրենց մեջ ամփոփում են այն տղաները, որոնք իրենց կյանքը զոհել են ու որոնք այստեղ հանգչում են»,– ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով, ժողովրդական երկրում քաղաքական տարաձայնությունները պետք է լինեն, բայց իշխանությունից է կախված, թե ինչ թեմաների վրա «տաբու» կլինի։

Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ պատերազմն ավարտված չէ, քանի դեռ կա մարտական գործողություների վտանգ։

«Մենք պետք է պատրաստ լինենք այդ վտանգին առերեսվելու և նույն կերպ, ինչպես ապրիլին, մեր երկիրը, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու։ Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեզ համար Արցախի հարցը կենսական հարց է, մեր գոյատևման, երկրի առաջընթացի հարցն է»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» էր այցելել նաև ՀՀ ղեկավար կազմը։