Հերթապահ լեյտենանտ Արսեն Թորոսյանը տագնապով արթնացավ. ի՞նչ էր անում նա 2016–ի ապրիլին

Թորոսյանն հիշում է, որ ամբողջ Պաշտպանական Բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանն այսօր հիշում է, թե ինչ էր անում ինքը 3 տարի առաջ այս օրը, երբ թշնամին նախահարձակ եղավ։

«3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության Բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ օրվա հերթապահ լեյտենանտ Թորոսյանին, քանի որ հակառակորդը հանկարծակի հարձակման էր անցել։

Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին

Այնուհետև ամբողջ Պաշտպանական Բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։

Հաջորդող մի քանի օրերին, երբ մեր ստորաբաժանումները հակահարված էին տալիս հակառակորդին, ՊԲ ռազմաբժշկական բաժնի համածառայակիցներիս հետ միասին հիմնականում զբաղվում էինք վիրավորների տարհանման և ռազմաբժշկական ծառայության կազմակերպման աշխատանքներով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ հավելյալ զոհերից»,–ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է նախարար Թորոսյանը։

Նախարարն ընդգծել է, որ մնացածի մասին շատ է խոսվել, չի ուզում կրկնել։

«Փա՛ռք Հայոց Բանակին։ Հավերժ փա՛ռք հերոսներին»,– իր խոսքը եզրափակել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ 2016թ.–ին ապրիլի 2–ին ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախում։ Մի քանի օր տևած պատերազմը ստացավ «Քառօրյա պատերազմ» անվանումը, որի ընթացքում հայկական կողմը 100–ից ավելի զոհ ունեցավ։ Հայոց բանակին հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումն ու խափանել նրա պլանները։