Ավելի շատ էլեկտրամոբիլներ՝ դեպի Հայաստան. մատակարարները արտոնություններ են պահանջում

Հայաստանում ուզում են ԱԱՀ–ից ազատել էլեկտրամոբիլներ ներկրող մասնավոր անձանց։ Այժմ նույնպիսի արտոնություն են պահանջում նաև ավտոսալոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ավտոմեքենաների արտասահմանյան ընկերությունների մատակարարները Հայաստան  ավելի շատ էլեկտրամոբիլներ  են ուզում  ներկրել։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովում հանդիպման ժամանակ հայտարարեցին եվրոպական առևտրային պալատի ներկայացուցիչները։

Էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ներմուծումը շատ ավելի ձեռնտու է դառնալու. Տիգրան Քեյան

Ինչպես նշեց հայ–բրիտանական առևտրային պալատի նախագահ Նաիրա Մանուկյանը, ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրամոբիլներն ԱԱՀ–ից ազատելու օրինագիծը։ Սակայն այն վերաբերվում է միայն ֆիզիկական, այլ ոչ թե իրավաբանական անձանց։ Միևնույն ժամանակ ավտոսրահները նույնպես ցանկանում են նոր էլեկտրամոբիլներ ներկրել հարկային արտոնություններով։

Հայ–բելգիական առևտրային պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանն իր հերթին ներկայացրեց Բելգիայում արված հաշվարկները. 3-3,5 լիտրանոց շարժիչով մեքենայի մոտ տարեկան սպասարկման ծախսերը (ներառյալ տեխսպասարկումը, գույքահարկը, բնապահպանական վճարները, ապահովագրությունը) կարող են կազմել 3-3,5 հազար եվրո, իսկ համադրելի հզորությամբ (կիլովատներով) էլեկտրամոբիլի մոտ՝ ընդամենը 80 եվրո։

«Մենք էլեկտրամոբիլներ ներկրելու գաղափարի աջակիցն ենք։ Արտոնությունները պետք է ժամանակավոր լինեն, բայց էական, որպեսզի այդպիսի ավտոմեքենաները մտնեն առօրյա գործածության մեջ։ Դրանից հետո կրկին կարելի է հարկեր սահմանել դրանց համար։ Սակայն ներկա փուլում կարևոր է դրանց տարածումը։ Էլեկտրականությունը բենզինի կամ գազի փոխարեն լավ է և՛ բնապահպանության, և՛ ներկրվող վառելիքը տեղականով փոխարինելու համար», – նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու նրա գործընկերները խոստացել են քննարկել ԱԱՀ–ի չեղարկումը նաև ավտոսրահների էլեկտրամոբիլների վրա տարածելու առաջարկը։