Արտակարգ դեպք Շիրակում. կինը մահացել է, որդին ու թոռները հիվանդանոցում են

Հիվանդանոց տեղափոխված տղամարդու վիճակը ծանր է։ Թոռներից մեկը 10 տարեկան է, մյուսը` 9-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Բենիամին գյուղում գազի արտահոսքի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը, որդին ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց:

Երևանում 14 տարեկան աղջիկը մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից, ապրիլի 2-ին, ժամը 17.35-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ Բենիամին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք։

«Ահազանգը ստանալուն պես անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Մենք զգուշացրել ենք նաև շտապօգնության բրիգադին։ Տեղում պարզվել է, որ նույն տան բնակիչ, 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացել է, նրա որդին՝ 1972 թվականին ծնված Ցոլակ Շիրինյանը, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ թոռները` Մհեր և Մերի Մանուկյանները (2009 և 2010 թթ), տեղափոխվել են Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց», - նշեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

«Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Ցոլակ Շիրինյանի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը տեղեկացրեց, որ Մհեր և Մերի Մանուկյանների վիճակը բավարար է, նույնիսկ հնարավոր է, որ այսօր կամ վաղն առավոտյան երեխաները դուրս գրվեն հիվանդանոցից։