Ալիևը Պուտինի հետ զրույցում պատմել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ալիևը խոսել է մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահատականների մասին։

ԵԱՀԿ նախագահը խոսել է Փաշինյան–Ալիևի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի աշխուժացման կարևորությունը։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում։

Երկկողմ օրակարգի հարցերի քննարկման ժամանակ հաստատվել է երկուստեք տրամադրվածությունը` տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` երկուշաբթի, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր էին քննարկել Փաշինյանն ու Պուտինը։

Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի պաշտոնական առաջին հանդիպումը։ Հանդիպման արդյունքում առաջնորդներն ընդգծել են խաղաղության և երկխոսության բարենպաստ մթնոլորտի ձևավորման կարևորությունը։ Դրա համար նրանք նշել են կոնկրետ և շոշափելի քայլերի կարևորությունը։