Ժորա Աֆրիկյանը բանակ է զորակոչվել 2014 թվականին, զորացրվել է ապրիլյան քառօրյայից ամիսներ անց։ Ռազմական գործողությունների ժամանակ Ժորան եղել է հրետանային դիվիզիոնի հաշվարկող, մասնակցել կրակի կառավարմանը։
Նախկին զինծառայողն ասում է, որ այդ պատերազմն իր համար մեծ դաս էր և որ դրանով փոխվեցին իր պատկերացումներն ու մոտեցումները բանակի, զինվորի ու սպայի նկատմամբ։
«Ամեն ինչ կանեմ, որ ապագա զավակս հարգի և հասկանա զինվորի և սպայի դերն ու նշանակությունը»,- ապրիլյան պատերազմից տարիներ անց պատմում է Աֆրիկյանը։
Նրա խոսքով` հայ զինվորն ապացուցեց հակառակորդին և, ինչու ոչ, ամբողջ աշխարհին, որ հարկ եղած դեպքում կարող է ցույց տալ իր բազկի ուժը։
«Պատերազմից հետո սկսում ես ավելի արժևորել զինծառայողի նշանակությունը երկրի համար»,-ասում Աֆրիկյանը։
Մարտական ընկերները միշտ կապի մեջ են և 2018 թվականին հիմնել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը, որով փորձում են աջակցել իրենց զոհված ընկերների ընտանիքներին։