Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել. լուսանկարներ

Բինգոյին բուժելու համար տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում է հրավիրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկը`Բինգոն, բուժման կարիք ունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին այգու մամուլի ծառայությունից։

Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին

Նախորդ շաբաթվա սկզբում Բինգոն թույլ է եղել, քիչ է դուրս եկել զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ է եղել:

Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ, բայց ուրբաթ խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:

Հրավիրվել է օնլայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման ու բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել. լուսանկարներ

Սոնոգրաֆիան ի հայտ է բերել, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ:

Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել. լուսանկարներ

Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն այգու գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգում երեք վագր կա, որոնցից մեկը բերվել էր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող կենդանաբական այգուց։