Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոններ պահանջելու համար

Վարչապետը հարկերի մասին է խոսել Facebook-ում և գրառումը կցել «դուխով» հեշթեգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ»,– գրում է Փաշինյանը։

Նրա խոսքով` հարկերը կառավարությանը չենք վճարում, այլ հայրենիքին և մեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր։

Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների գործունեությունն ամփոփելով` եկել են այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով։ Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019–ի հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել Զինված ուժերի, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։