Մարդիկ, որ նշանակվում են նախարար, գոնե պետք է իրենց մի քիչ զուսպ պահեն. Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը դիմել է ծանոթացել է աղմկահարույց հրամանին, իսկ հիմա պատրաստվում է ուսումնասիրել թատրոնի կանոնադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համարում է որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը պետք է իրեն զուսպ պահի։

«Բավական է կրթության ու մշակույթի ոլորտում ազատվենք պրոֆեսիոնալներից, երբ չգիտենք, թե տեղն ովքեր են գալու,– այսօր խորհրդարանական ճեպազրույցում ասաց Պետրոսյանը` պատասխանելով Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման որոշմանը:– Եվ ազատողն այն մարդն է, որ գալիս է ԱԺ և չի տիրապետում իր ոլորտին վերաբերող հարցերին: Եվ այդպիսի մարդիկ, որ նշանակվում են նախարար, գոնե պետք է իրենց պաշտոնավարման ընթացքում մի քիչ իրենց զուսպ պահեն»,- ասաց պատգամավորը:

Սխալը պետք է ուղղվի. Արմեն Սարգսյանը միացավ բողոքի ակցիային

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար որակյալ կադրերի նկատմամբ նման դիրքորոշումն անընդունելի է: Անընդունելի է նաև անձնական նկատառումներով պայմանավորված կադրային ջարդի ցանկացած այլ դրսևորում։ Ինչ վերաբերում է Օրբելյանին, իրավաբան պատգամավորը նշեց, որ նա կարող է նախարարի որոշումը բողոքարկել դատական կարգով: Պետրոսյանը ծանոթացել է Նազենի Ղարիբյանի հրամանին ու դրա հիմքում դրված այն կետին, որ թատրոնի տնօրենն իրավունք չունի միաժամանակ 3 պաշտոն զբաղեցնել, բայց այդ մասին կարծիք չհայտնեց, քանի որ թատրոնի կանոնադրությունը դեռ չի ուսումնասիրել և նոր է դիմել թատրոն` այն իրեն տրամադրելու խնդրանքով: