«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ հեռացան լրագրողների հետ հանդիպումից

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դժգոհեցին, որ իրենց արցախյան այցն այնքան չի հետաքրքրում, որքան օպերայի տնօրենի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Լավ կլինի` Կոնստանտին Օրբելյանը զբաղեցնի 3 պաշտոններից մեկը, որը համարում է կարևոր: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման որոշման մասին հարցին:

Սխալը պետք է ուղղվի. Արմեն Սարգսյանը միացավ բողոքի ակցիային

«Եթե ժամանակին պարոն Օրբելյանին հրավիրել են Հայաստան` մշակութային կոնկրետ խնդիր լուծելու, նա այդ 3 պաշտոններից մեկով էլ կարող է այդ խնդիրը լուծել: Մյուս երկուսում կարող են լինել այլ մարդիկ, և պարոն Օրբելյանը գուցե միակը չէ,որ ամբողջացնի այդ 3 խնդիրները միաժամանակ»,- ասաց նա:

Իշխող կուսակցության անդամները հրաժարվեցին թեմայի վերաբերյալ այլ հարցերին պատասխանել` նշելով, որ ճեպազրույցի են եկել իրենց Արցախ կատարած այցի մասին խոսելու համար:

«Արցախյան մեր այցը, որտեղ այնքան կարևոր խնդիրներ էին քննարկվել, ոնց որ ձեզ չհետաքրքրեց»,- լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դժգոհ հեռացան լրագրողների հետ հանդիպումից:

Հանդիպումը կայացավ. ինչ է խոստացել Փաշինյանն օպերայի թատրոնի աշխատակիցներին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Նշենք, որ պատգամավորներն Արցախ էին այցելել մարտի 30-ին։