ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորել է, որ այս պահին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն դրսից չի նշանակվի։ Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր առավոտյան հավաքվել են կառավարության շենքի դիմաց և ուզում են նամակ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
Թատրոնի աշխատակիցները հանդիպել ու զրուցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Վարչապետն ասաց, որ թատրոնի տնօրենի պարտականությունները դրսից որևէ մեկի վրա չի դրվի մինչ այն պահը, երբ մեզ կուղարկեն օրենքի այն կետերը, այն խնդիրները, որոնց համաձայն ազատել են Օրբելյանին։ Դրանք մեզ ներկայացնելուց հետո մենք գրավոր կներկայացնենք նաև մեր հակափաստարկները, որից հետո նորից կհանդիպենք Փաշինյանի հետ»,–ասաց Արզումանյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը խոստացել է, որ եթե Օրբելյանի` աշխատանքից ազատման համար ներկայացված փաստարկներից որևէ մեկը կեղծ լինի, ներկայացնողն անմիջապես կպատժվի և կազատվի աշխատանքից։
Արզումանյանի խոսքով` իրենք բավարարված են Փաշինյանի հետ հանդիպումից։
Հիշեցնենք, որ Հայաստանի` տասից ավելի թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և տնօրեններ միավորվել ու պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։