Երևանը սնուցող ջրատարը դարձյալ վթարվել է. 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է Երևանը սնուցող ջրատարի վրա տեղի ունեցած վթարի մասին։ Այս վթարը նախորդից ավելի խոշոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Երևանցիների մի մասը 36 ժամով ջուր չի ունենա։ Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»` տեղեկացնելով Հրազդանի կիրճում «Արզնի 1 – Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի մասին։

Այդ ջրատարից սնուցվող Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում սպառողների 4 տոկոսը 12.00-ից հետո զրկվել են ջրամատակարարումից։ Մնացած սպառողներն այս պահին ջուր են ստանում Կաթնաղբյուրից ու Գառնիից մղվող լրացուցիչ ջրաքանակի հաշվին։

««Վեոլիա ջուր» ընկերության հաշվետվություններում կան անճշտություններ». Դավիթ Գասպարյան

Վթարն ուսումնասիրած մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ջրամատակարարման ընդհատումը կարող է տևել մինչև 36 ժամ, քանի որ այն բարդ է ու դրա վերացման համար երկար ժամանակ կպահանջվի»

Բանն այն է, որ վթարը տեղի է ունեցել Արզնիից դեպի Երևան հատվածում, Հրազդանի կիրճում, որտեղ վթարի վերացման աշխատանքների կազմակերպման համար անհարմար է, հողը թաց է, ճանապարհ չկա, տեխնիկան ու մասնագետները դժվար են տեղաշարժվում:

Վթարի հիմնական պատճառն, ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության, եղանակային պայմաններն են: Առատ անձրևներով պայմանավորված, ձորերում ու կիրճերում տեղի է ունենում հողի սահք, որի հետևանքով տեղաշարժվում են նաև այդ տարածքով անցնող խողովակաշարերը:

Մասնագետները խոստանում են ընդհատված ջրամատակարարումը վերականգնել ապրիլի 2–ին, ժամը 24.00–ին։

Հիշեցնենք` շաբաթ օրը` մարտի 30-ին, վթարվել էր Երևանի Արաբկիր համայնքը սնուցող «Արզնի 2» ջրատարը։ Վթարի վերականգնման համար շուրջ 24 ժամ էր պահանջվել։

«Արզնի 2» խողովակաշարի վթարը «Վեոլիա ջուրը» կրկնակի ավելի խոշոր է որակում 2 օր առաջ տեղի ունեցած վթարից։