Սխալը պետք է ուղղվի. Արմեն Սարգսյանը միացավ բողոքի ակցիային

Կառավարության առջև են հավաքվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, որոնք պահանջում են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը միացավ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին։

«Եկել եմ աջակցելու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին»,– ասաց նա։

Սխալը պետք է ուղղվի. Արմեն Սարգսյանը միացավ բողոքի ակցիային

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և ուզում են նամակ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Երաժշտությունը լեզու չի ճանաչում. Օպերայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում

«Թղթաբանությունով սխալ է մեծ արտիստի հետ խոսել։ Կոնստանտին Օրբելյանը պետք է Հայաստանին և հայ մշակույթին։ Մշակույթի նախարարությունը սխալ վերաբերմունք է դրսևորել միջազգային արտիստի հանդեպ, և դա պետք է ուղղվի»,–ասաց Սարգսյանը։

Նշենք` լուրեր էին շրջանառվում, որ հենց Սարգսյանն է դառնալու թատրոնի տնօրենը, բայց նա հերքել է այդ լուրը

Սարգսյանը նշեց, որ ինքը թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացել է թատրոնի որոշ արտիստներից, ոչ թե Ղարիբյանից։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Օրբելյանի հանդեպ պետք է ճիշտ վերաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանի` տասից ավելի թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և տնօրեններ միավորվել ու պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։