ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Ադրբեջանը ներկայացնում է հանդիպման այն դրվագները, որոնք ձեռնտու են Բաքվին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում կայացած բանակցությունների վերաբերյալ Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետներն է արտահայտել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Sputnik
Սուրենյանց. «Ադրբեջանը ներկայացնում է հանդիպման այն դրվագները, որոնք ձեռնտու են Բաքվին»

«Բանակցությունները, վերջապես, վերադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, քանի որ անցած երեք հանդիպումներն այդ ձևաչափից դուրս էին»,-Վիեննայում անցկացված հանդիպման մասին ասում է Սուրենյանցը։

Քաղաքագետն արձանագրում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն ուներ և՛ դրական կողմեր, և՛ ծնել է որոշակի մտահոգություններ։

«Հույս ունեմ, որ այդ մտահոգությունները ժամանակի ընթացքում կփարատվեն, քանի որ, կարծում եմ` դիվանագիտական արտահոսքերի շնորհիվ մենք առիթ կունենանք ավելի ընդհանրական պատկերացում կազմել Վիեննայի հանդիպման մասին»,-նշում է Սուրեն Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի գնահատականներին, ապա Սուրենյանցի խոսքով, դրանք միակողմանի են, հատվածային ու ներկայացված են միայն այն դրվագները, որոնք ձեռնտու են Բաքվին։

Հիշեցնենք` մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով, որը տևել է ավելի քան 3 ժամ։