Տոնոյանը և Ժան-Պիեռ Լակրուան քննարկել են Սիրիայում մարդասիրական առաքելության խնդիրները

Հանդիպմանը կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանն ԱՄՆ–ում խոսել է Սիրիայում հայկական առաքելության մասին

«Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց, չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊՆ–ն փետրվարի 8-ին հայտարարել էր, որ 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։