Պետությունը պլանավորում է երիտասարդներին վարձով բնակարաններ տալ` ամիսը 10 դոլարով

Քաղաքաշինության կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակում` մարզերի նորաստեղծ ընտանիքների համար։ Երևան գալու փոխարեն նրանց կառաջարկեն պետական վարձով բնակարան հարազատ մարզում։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Այն մագնիսական ուժը, որը մարզերի բնակիչներին ձգում է դեպի Երևան, ուղղությունը պիտի փոխի դեպի մարզեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես ասաց Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը։

«Գյուղը պիտի զարգացնենք, գյուղի և քաղաքի կյանքի որակի կատաստրոֆիկ տարբերությունը պիտի վերացնենք, որպեսզի գյուղացին այսօր ունենա նմանատիպ կյանքի որակ, ինչ քաղաքի կենտրոնում բնակվողը»,– ասաց նա։

Հիփոթեքով բնակարան գնող հարուստները եկամտահարկը հետ չեն ստանա

Տարաբնակեցման խնդիրը լուծելու հիմանական գրավականը քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը համարում է մարզերում պետական բնակարանաշինական ծրագրերի իրականացումը։

Վահագն Վերմիշյանն արդեն իսկ նման ծրագիր է հղացել, որի համաձայն նորաստեղծ ընտանիքները, որոնք հնարավորություն չունեն նոր բնակարան գնելու, կարող են այն վարձակալել պետությունից։

«Բնակարանի դիմաց սիմվոլիկ գումար կվճարեն, օրինակ` 10 դոլար ամսական»,– ասաց Վերմիշյանը։

Նրա խոսքով` քաղաքաշինության կոմիտեն այժմ աշխատում է ծրագրի վրա, և հույս կա, որ մինչև մայիս այն արդեն կներկայացվի կառավարությանն ու հանրությանը։

Պետությունը պլանավորում է երիտասարդներին վարձով բնակարաններ տալ` ամիսը 10 դոլարով

Գործադրի հավանությանն արժանանալուց հետո բնակարանաշինական ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Հայաստանի երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում ու Վանաձորում և Հայաստանի մի քանի գյուղերում։ Առաջին պետական շենքերն էլ մարզերում կկառուցվեն արդեն ծրագրի հաստատումից հետո 1-2 տարի հետո։

Ընդ որում, պետական շինարարություն լինելով հանդերձ, Վահագն Վերմիշյանի համար առաջնային է հատկապես շինարարության որակյալ լինելը։

Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացվող շինարարության որակին, Վահագն Վերմիշյանի դիտարկմամբ, 1993-2019թթ.–ին Հայաստանում շինարարության ոլորտը միայն անկում է ապրել։ «Տնտեսության առաջատար ոլորտ համարվող շինարարությունը մենք հասցրել ենք մի չքավոր վիճակի, –ասաց նա,– Հայաստանում որոշ շինկազմակերպությունների կողմից սարսափելի որակի շինարարություն է արվում»։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը համոզված է` այն շինարարը, որ սեյսմիկ գոտում  անորակ շինարարություն է իրականացնում, «դինոզավրի պես պիտի վերանա»։

Վերմիշյանի համոզմամբ, Հայաստանում պետք է մնան միայն որակյալ շինարարները, ովքեր իրենց բիզնեսը շուկայում կազմակերպում են նորովի։