ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Խոշոր ավտովթարի մասնակից «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը դեռ պարզել չի հաջողվել։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել երեկ գիշեր։ Վթարի հետևանքով հինգ մարդ մարմնական վնասվածքներ են ստացել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Տոյոտայի» և «Ֆոլկսվագենի» ուժգին բախումը տեղի է ունեցել Աշտարակի խճուղում: «Ֆոլկսվագենի» 25-ամյա վարորդն իր 22 և 26-ամյա ուղևորների հետ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից էլ նույն հիվանդանոցում են հոսպիտալացվել 27 և 28-ամյա երիտասարդներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրանցից մեկը բուժհաստատություն տեղափոխվելիս անգիտակից է եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 27-ամյա երիտասարդը թույլատրելի ոչ սթափ վիճակում է եղել, իսկ մյուսը՝ թույլ չի տվել, որ սթափությունը ստուգվի, ուստի նրա արյունից է փորձանմուշ վերցվել՝ սթափության աստիճանը փորձաքննությամբ պարզելու համար:
Նրանց վնասվածքները կողոսկրերի, թոքերի, դեմքի ու գլխի շրջանում են և, ամենայն հավանականությամբ՝ ծանր: