Երևանի մի հատվածը զրկվել է ջրից. պատճառը ջրատարի վթարն է. լուսանկարներ

Արաբկիր վարչական շրջանում ջրամատակարարումը կվերականգնվի միայն ուշ գիշերը կամ վաղ առավոտյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երևանը խմելու ջրով մատակարարող ջրատարի մի հատվածում խոշոր վթար է տեղի ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Մուրադյանը։

Նրա խոսքով` վթարի հետևանքով այսօր կեսօրից հետո դադարեցվել է Երևանի Արաբկիր թաղամասի Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցների և Գետամեջ գյուղի ջրամատակարարումը։

Երևանի մի հատվածը զրկվել է ջրից. պատճառը ջրատարի վթարն է. լուսանկարներ

«Արզնիից Երևան եկող երկու խոշոր ջրատար կա, որոնցից մեկը վթարված «Արզնի–2»–ն է։ Այս ջրատարները գալիս են ուղիղ Արաբկիր, որտեղ ջուրը լցվում է ջրամբարներ։ Հիմա ջրամբարներում ջուր ունենք, դրա համար Արաբկիրի մեծ մասի ջրամատակարարումը չի խաթարվել»,– ասաց Մուրադյանը։

Այս պահին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները վթարը վերացնելու աշխատանքներ են իրականացնում։ Մոտավոր հաշվարկով վթարված ջրատարը հնարավոր կլինի վերականգնել մինչև կեսգիշեր, բայց անգամ այդ պարագայում խմելու ջրից զրկված արաբկիրցիներին ջուրը կհասնի ուշ գիշերը։

Երևանի մի հատվածը զրկվել է ջրից. պատճառը ջրատարի վթարն է. լուսանկարներ

«Ջրատարի վերականգնումից հետո մի քանի տասնյակ խմ ջուր պիտի լցվի, որ գա հասցի Երևան, Երևանում ամբարները լցվեն, հետո ներքաղաքային ցանցը լցվի, նոր շենքերին հասնի։ Դրա համար աշխատանքներն ավարտելուց ու միացնելուց հետո էլ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ջրամատակարարումը վերականգնվի»,– ասաց Մուրադյանը` հավելելով, որ մարդիկ ուշ գիշերը կամ վաղ առավոտյան ջուր կստանան։

Ինչ վերաբերում է վթարին, դրա պատճառը պաշտոնապես դեռ հայտնի չէ, բայց Մուրադ Մուրադյանը չի բացառում, որ դա եղել է եղանակի պատճառով։

Երևանի մի հատվածը զրկվել է ջրից. պատճառը ջրատարի վթարն է. լուսանկարներ

«Ամռանը վթարներ քիչ են լինում, հիմնականում լինում են անձրևային եղանակներին։ Այս եղանակին մինչև մայիսի վերջ ամեն տարի մենք ունենում ենք վթարներ, որովհետև հողը խոնավանում է, թուլանում և ջրատարների տակից սահում է ներքև։ Խողովակի կարից` եռակցման տեղից է բացվել»,– ասաց Մուրադյանը։

Չի բացառվում, սակայն, որ խողովակն ուղղակի մաշվածության պատճառով չի դիմացել ջրի ճնշմանը։

Նշենք, որ Երևանը սնուցող 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վթարը գրանցվել է այսօր` առավոտյան ժամը 7.30-8.00-ին։ Վթարի հետևանքով ջրի կորուստը կազմել է վայրկյանում շուրջ 130 լիտր։

«Վիոլիա ջրի» վթարային բրիգադը վթարը հայտնաբերել է Գետամեջ գյուղին հարակից գազի պահեստարանների շրջանում: