Սաակաշվիլին բացատրել է` ինչու էր փողկապը ծամում 2008 թ–ի իրադարձությունների ժամանակ

Սաակաշվիլու փողկապը կատակների և անեկդոտների թեմա էր դարձել BBC հեռուստառադիոընկերության ցուցադրած կադրերից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Գորդոն» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե ինչու էր 2008 թվականին հեռախոսազրույցի ժամանակ ծամել փողկապը։

Նրա խոսքով` այդ պահին նա չի իմացել, որ իրեն նկարահանում են։

«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ։ Իսկ երբ մարդն ինքն իր հետ է մնում, հատկապես նման իրավիճակում, ինչ ասես` կարող է անել։ Այդ սովորությունն ինձ մոտ մնացել է դեռ «Արտեկից». արդեն այնտեղ ես փողկապի նկատմամբ անտարբեր չէի։ Այդ պատճառով էլ, տեսնում եք, փողկապ միշտ չեմ կապում», – խոստովանել է Վրաստանի նախկին առաջնորդը։

Նրա խոսքով` զրույցի պահին տեսախցիկներն իր աշխատասենյակում են եղել, այդ թվում նաև ВВС–ի և СNN–ի։ Եվ ինչ–որ պահի Սաակաշվիլին պարզապես կորցրել է վերահսկողությունը։

«Թեև չեմ հիշում, որ հիստերիայի մեջ լինեի, մեզնից ոչ ոք խուճապի չէր մատնվում», – ասել է նա։

Սահակաշվիլին հայ չէ. Վրաստանի նախկին նախագահը ներկայացրել է ԴՆԹ թեստի տվյալները

Սաակաշվիլու փողկապը կատակների և անեկդոտների թեմա էր դարձել BBC հեռուստառադիոընկերության ցուցադրած կադրերից հետո։

Հիշեցնենք, խոսքը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ մի դրվագի մասին է։ Երբ վրացական բանակը հարձակվեց Ցխինվալի վրա, Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսեթիայի բնակիչներին, որոնցից շատերը ՌԴ քաղաքացիներ էին, զորք մտցրեց հանրապետության տարածք և 5 օր տևած մարտական գործողություններից հետո վրացական զինվորականներին դուրս մղեց այնտեղից։