ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակիչները Հայաստանում թերևս այն եզակի մարդկանցից են, որոնք ոչ միայն չեն սպասում գարնան գալուն, այլև սարսափում են մոտեցող ամռան հեռանկարից:
Սահմանամերձ Ռանչպար գյուղի բնակիչ Սիմոն Քարամյանը Sputnik Արմենիային պատմեց, որ գյուղի հարևանությամբ գտնվող աղբավայրի պատճառով տարվա շոգ եղանակին իրենք ուղղակի չեն կարողանում շնչել:
«Ամառը, որ աղբը վառում են, մեր ամբողջ գյուղը ծխի մեջ կորում է: Ծուխը մառախուղի պես գյուղը պատում է։ Ուղղակի անհնար է լինում դիմանալ էդ հոտին ու ծխին։ Մայիսից հետո` մինչև հոկտեմբեր, անտանելի է լինում, չենք կարողանում շնչել»,- ասաց նա։
Գյուղի բնակիչներն աղբավայրի խնդիրը լուծելու խնդրանքով բազմիցս դիմել են տեղական իշխանությանը, բայց արդյունք չի տվել։
Ռանչպարցիների տեղեկություններով` աղբավայրի սեփականատերը Մասիսի նախկին քաղաքապետի բարեկամն է, որը տարիներ շարունակ դուրս է եղել որևէ հսկողությունից:
Մասիսի քաղաքապետարանում ևս հաստատեցին այս տեղեկությունը: Քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը Sputnik Արմենիային պատմեց, որ աղբավայրը 99 տարով շահագործման է հանձնվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին, որի սեփականատերը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբայր Միշա Հակոբյանն է: Աղբավայրի վարձակալության դիմաց տարեկան 276 000 դրամ է վճարում։
«Ժամանակին այնպիսի պայմանագիր են ստորագրել, որ քաղաքապետարանն ավելի շատ պարտավորություն ունի, քան իրավունք»,– ասաց Հակոբյանը։
Մասիսի փոխքաղաքապետը չի բացառում, որ քաղաքապետարանը կդիմի դատարան` վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով։
Սակայն Հակոբյանի խոսքով` պայմանագիրը լուծելով ու աղբանոցը փակելով` խնդիրը չի լուծվի։ Աղբանոցը փակելուց բացի, անհրաժեշտ է նաև տարածքը մաքրել տարիներով այդտեղ կուտակված աղբից։ Թե ինչ ծավալի աղբ է կուտակված տարածքում, մասնագիտական գնահատում չի արվել, բայց Հակոբյանը համոզված է` աղբն օր օրի ավելանում է՝ ոչ միայն Մասիս քաղաքից ու հարակից գյուղերից, այլև Երևանից ամեն օր այստեղ տեղափոխվող աղբի հաշվին։
«Այստեղ աղբը բերում, թափում է նաև Երևան քաղաքը սպասարկող «Սանիթեքը», որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք։ Փորձում ենք հիմա գոնե հասնել նրան, որ շահագործողին արգելենք Երևանից աղբը բերել այստեղ»,– ասաց նա։
Աղբավայրն այսօր գերակա խնդիր է դարձել Մասիսի քաղաքապետարանի համար: Նորայր Հակոբյանի խոսքով` Մասիսի քաղաքապետարանը բազմիցս դիմել է ՀՀ տարբեր կառավարություններին` աղբավայրի շահագործումը դադարեցնելու առաջարկով, բայց ապարդյուն։
«Թող առայժմ տանեն Նուբարաշենի կամ որևէ այլ աղբավայր, իսկ այս աղբավայրը շահագործվի, երբ աղբի վերամշակման գործարան կկառուցվի։ Հիմա աղբն ուղղակի լցվում է այդ տարածքում, և ամառվա շոգին աղբի այրման հետևանքով առաջացած ծուխը պատում է ամբողջ Մասիս քաղաքն ու հարակից գյուղերը»,– ասաց Հակոբյանը։
Մասիսում աղբի վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը պարբերաբար քննարկվում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, բայց փոխքաղաքապետի խոսքով՝ «բոլորը ծրագիրը տալիս են, գումարը չեն տալիս»։
Մինչ քաղաքային իշխանությունը փորձում է պայքարել տարածքին սպառնացող բնապահպանական ու առողջապահական սպառնալիքի դեմ, Մասիսի աղբավայրն օր օրի ընդլայնում է իր սահմանները:
Աղբավայրը տեղակայված է Ռանչպար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում, չնկատել պարզապես հնարավոր չէ։ Հեռվից արդեն նկատելի են աղբավայրի վրա պտտվող անհամար թռչունների երամները։ Մասիսի աղբանոցը գրավում է նաև Արարատյան դաշտի արագիլներին։
Մեր այցելության պահին աղբանոցում բավական ակտիվ եռուզեռ էր: Մի կողմից բեռնատարներով նոր աղբ էր բերվում, մյուս կողմից աղբանոցում աշխատող մարդիկ զբաղված էին աղբը տեսակավորելով:
Աղբն այստեղ ամենուր է. ոչ միայն աղբանոցի տարածքում, այլև հարակից ճանապարհներին, դաշտերում ու նույնիսկ հարևանությամբ հոսող Սևջուր գետում: Գետի հունը որոշ հատվածներում ամբողջությամբ ծածկված է պլաստիկե շշերով: Դաշտերը պատված են պլաստիկե տոպրակներով: Քամին դրանք թռցնում է ու շաղ տալիս աղբանոցից մի քանի կիլոմետր հեռու՝ չքայքայվող ու հավերժ մնայուն աղբով ծածկելով Արարատյան դաշտի բերրի հողերը: