Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում

Հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում սմարթ սրճարան է բացվում, գիտնականներն էլի երկար–բարակ մտածել ու նոր բան են հորինել, խնձորականներն էլ ձանձրացրել են մարդկանց։ Մնում է իմանալ` ովքեր «հանգիստ կնստեն տեղները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik, Գոռ Մարգարյան. Անցնող շաբաթվա ընթացքում Apple-ի կազմակերպած միջոցառումը որքան էլ տաղտկալի էր, այդուհանդերձ շաբաթվա թոփ իրադարձություն դարձավ։ Հենց այս շաբաթ պարզվեց նաև, որ մեքենաների խելացի դառնալը հաստատվելու է օրենքով, իսկ ռոբոտներն այնքան խելացի են դառնալու, որ «դաստիարակելու են» ավելի նոր ռոբոտներին։ Ինչպես միշտ, ամեն ինչի մասին` հերթով։

Ռուսաստանն էլ արդեն «խելացի» սրճարան կունենա

Պետերբուրգում կհայտնվի ռուսական առաջին «խելացի» սրճարանը, որտեղ մարդկանց սուրճ կառաջարկի արհեստական բանականությունը։ Սրճարանն աշխատելու է Microsoft Azure ամպային համակարգի հիման վրա։ Այս մասին հայտնում է Nation News–ը։

Այ քեզ բան. տղամարդիկ կկարողանան հանգիստ հայհոյել, Instagram-ը խանութ կդառնա, մենք էլ` Բախ

Խելասրճարանը կվերլուծի այցելուի տրամադրությունը և ըստ դրա կորոշի` նրան դառը սուրճ առաջարկի, թե խնձորի հյութ։ «Ասթամանյանա» անվանումով հաստատության բացումը նախատեսված է շուտով։ Սեփականատերերի խոսքով` սրճարանը վերջ կդնի մենյուների պրպտմանը և կառաջարկի այն, ինչը կհամապատասխանի այցելուի տրամադրությանը։ Հետաքրքիր է` իսկ սրճարանը գոնե ափդեյթներից հետո այցելուի գրպանի պարունակությունը իմանալու ֆունկցիայով կօժտվի՞։ Որևէ մեկը հաստատ չի ուզի, որ առանց իր ֆինանսական վիճակն իմանալու, զուտ իր տրամադրության վրա հիմնելով` թանկուկրակ առաջարկ ստանա։

«Սմարթկաֆեների» թեման Հայաստանում դեռ չի շոշափվում։ Մենք երևի դեռ մի քանի տարի կսպասենք, որովհետև առաջնեկը Պեկինում հայտնվել էր ընդամենը մի քանի ամիս առաջ։

Ռոբոտները «ծնո՞ղ» են դառնալու

Գիտնականները երկար–բարակ մտածել են, որոշել են իրենց կյանքը հեշտացնել ու ապագայում նոր կատարելագործված ռոբոտներ չստեղծել. ինչո՞ւ անել դա, եթե ռոբոտներն իրենք իրենցով էլ կարող են կոդավորել «զավակ» ռոբոտներին։ Wired-ը հրապարակել է գիտնականների` Nature Machine Intelligence–ում հրապարակված հետազոտությունը։

Այ քեզ բան. մետրոն դառնում է «խելացի», իսկ տաքսու վարորդը նոր աշխատանք պիտի փնտրի

Այնպես որ կարելի է իմանալ, թե ինչպես են երկու ծնող-ռոբոտներին ծրագրավորել այնպես, որ նրանք կոդավորեն իրենց «զավակին»։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստացված երեխան կարող է «ժառանգել» ծնողների կոդերի խառնուրդը, ինչպես նաև որոշ մոդուլներ, որոնք, կարելի է ասել, ինքնուրույն են տեղաշարժվել։

Ամստերդամի ազատ համալսարանի ինֆորմատիկայի ոլորտի մասնագետները մշակել են պարզ համակարգ, որը ցույց է տալիս, թե ինչպես են ապագայի ռոբոտները կարողանում փոխանակել «գենետիկ» ինֆորմացիան և համատեղել այն։

Այնպես որ Դարվինի տեսության մեջ պետք է ավելացնել բարձրտեխնոլոգիական բաժին, որում կխոսվի ռոբոտների էվոլուցիայի մասին։

Մեքենաները պարտադիր պետք է զինված լինեն «սև արկղերով» և խելացի համակարգերով

Եվրամիությունն ամեն կերպ փորձում է իր տարածքում վաճառվող մեքենաները դարձնել մաքսիմալ անվտանգ։ Ըստ Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության` 2022 թվականից ավտոարտադրողները պետք է ԵՄ տարածքում վաճառվող ավտոմեքենաները համալրեն «սև արկղերով» և խելացի համակարգերով, որոնք մեքենան երթևեկության մեջ կպահեն նույնիսկ վարորդի անսթափ վիճակում գտնվելու դեպքում։

Այ քեզ բան. էժան սմարթֆոնը վերանում է, մեքենան` թռչում, տիեզերագնացն էլ տպած միս է ուտում

Dailymail–ը հայտնում է, որ արդեն կնքվել է նախնական համաձայնագիր, ըստ որի ճանապարհային երթևեկության անվտանգության ընդհանուր կանոնները պետք է վերանայվեն։ Այսպիսով` անվտանգության նոր տեխնոլոգիաները` «սև արկղերը», որոնց տված տեղեկությունը կօգնի պարզել, թե ինչն է եղել վթարի պատճառը, և խելացի համակարգերը, որոնք կուսումնասիրեն վարորդի վարքագիծն ու միմիկաները երթևեկության ժամանակ, պարտադիր կդառնան 2022 թվականից։

Եվրահանձնաժողովում ամբողջ հոգով ու սրտով հավատում են, որ այս նախագծի միջոցով մինչև 2038 թվականը կկարողանան փրկել 25000 կյանք։ Եթե կհիշեք, վերջերս Volvo–ն հայտարարեց, որ 2020 թվականից իր արտադրած բոլոր մեքենաներում լինելու են նմանատիպ խելացի համակարգեր։ Այնպես որ վոլվոցիները «հանգիստ կնստեն տեղները»։

Apple-ը շոու է անում

Շաբաթվա շոուն ապահովեց Apple-ը։ Թեև շատերը համարեցին, որ մարտի 25–ին խնձորականների անցկացրած միջոցառումը ամենաձանձրալին էր և դրա ընթացքում բացառապես ցուցադրվեցին միայն նոր ծառայությունները և ոչ մի նոր սարք, այն կարողացավ դառնալ շաբաթվա թոփ իրադարձությունը։ Իրականում միջոցառումն այնքան ձանձրալի էր, որ բազմաթիվ օգտատերեր նշել էին, որ կարոտում են Սթիվ Ջոբսին, քանի որ նրա ժամանակ ամեն ինչ հետաքրքիր էր։

Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»

Ուրեմն հանդիսությունը սկսվեց «կծած խնձոր»–ի տնօրեն Թիմ Քուկով. նա ներկայացրեց Apple News ծառայությունը, որի շնորհիվ օգտատերերը հնարավորություն կունենան ամսական 9.99 դոլար մուծելով մեկ հավելվածի մեջ հավաքել միանգամից 300 ամսագիր։

Հետո եկավ նոր մարդ, ներկայացավ որպես Apple-ի Pay–ի փոխնախագահ Ջենիֆեր Բեյլի ու պատմեց, որ «խնձորը» շուտով բանկային քարտեր է թողարկելու: Դրանից օգտվելու համար պետք է հաստատեք ձեր ինքնությունը մատնահետքի ու դեմքի սքանավորման միջոցով։ Քարտը կցված է լինելու միանգամից iPhone-ին, և գործարքների ընթացքն ավելի է հեշտանալու ու արագանալու։

Այս ամենից հետո բեմ վերադարձավ ղեկավարը` Թիմ Քուկը, պատմեց, որ խաղային ծառայություն էլ ունեն, ու որ դա իր մեջ ներառելու է ավելի քան 100 բացառիկ խաղ, որոնք հասանելի են լինելու օֆլայն ռեժիմով։ Ծառայությունը, բնականաբար, անվճար չի լինելու և կոչվելու է Apple Arcade։