ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ամերիկյան զինվորականները ՊՆ–ի նոր ռազմավարության շրջանակում սկսել են յուրացնել զորքերի անմիջական տեղակայման հնարքը։ Այս մասին հայտնում է ռազմական գերատեսչության Stars and Stripes պարբերականը։
Այդ ռազմավարության համաձայն` բանակը պետք է հակառակորդի հետ ուժերի համաչափություն պահպանի ուժերի և զորամասերի առավել անկանխատեսելի առաջխաղացման միջոցով։
Նշվում է, որ ռազմավարության շրջանակում մարտի սկզբին Տեխասում հրետանային զորավարժություններին մասնակցող շուրջ 1.5 հազար հետևակային շտապ տեղափոխվել էին Լեհաստան։ Stars and Stripes–ը գրում է` նման գործողությունները հիշեցնում են սառը պատերազմի տարիները, երբ առանց նախապես զգուշացնելու մոբիլիզացնում էին զորքը, և դա Խորհրդային Միությանը հակազդելու ռազմական մարտավարության գլխավոր առանձնահատկությունն էր։
Եվրոպայում ԱՄՆ ազգային գվարդիայի փոխհրամանատար Ջոն Գրոնսկու խոսքով` զորքերի օպերատիվ տեղափոխման պրակտիկան կանոնավոր կլինի։