Վիեննայում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը

Սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Մարտ — Sputnik. Վիեննայում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը։

Այս պահին Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

«Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Լայնաֆորմատ հանդիպմանը կհաջորդի Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։

Մեկնարկեց Փաշինյան–Ալիև առանձնազրույցը` փակ դռների հետևում

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն: Հանդիպման նախաձեռնողներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. որքա՞ն տևեց հանդիպումը

Նշենք  նաև, որ ԱԺ–ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցը ներկայացնելիս Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ սկզբնական փուլում հանդիպումները պետք է օրակարգ չունենան, այլ պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակվեն տարբեր հարցերի վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,–նշել էր Փաշինյանը։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հիշեցնենք նաև, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրանց։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։