ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը սրբիչներ, բալետային հողաթափեր ու 100 հազար դոլար է նվեր ստացել։ Բարերարը ֆրանսիացի գործարար Ֆրանց Ռաուլ Դևալն է, որը Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ընկերն է։ Վերջինս այս մասին պատմել է այսօր լրագրողներին։
«Այս ամենը մեզ նվիրել է իմ վաղեմի ընկեր Ֆրանց Ռաուլ Դևալը, որը SANSHA պարերի հագուստի ու կոշիկի խանութների հիմնադիրն է», – ասաց Օրբելյանը։
Ամեն ինչ սկսվել է 1979 թվականին Նյու Յորքում, որտեղ Դևալն ու Օրբելյանը միասին աշխատում էին Մեծ թատրոնի թատերախմբի հետ։ Դևալը մի հոբի ուներ` հավաքել հայտնի պարողների բալետային հողաթափերը։ Հետո նա որոշել է Չինաստան գնալ ու այնտեղ սեփական ընկերությունը հիմնել։
«Նա չէր կարողանում Չինաստանի տոմս գնել ու դիմեց ինձ։ Ես նրան տոմսի գումար տվեցի։ Ավելի քան 35 տարի է անցել. իմանալով, որ թատրոնի տնօրեն եմ դարձել` ասաց, որ կուղարկի անհրաժեշտ ամեն ինչ», – ասաց Օրբելյանը։
Երբ Օրբելյանը հետաքրքրվել է, թե ինչ կարժենա այդ ամենը, Դևալնա ասել է, որ նվեր է, ամեն ինձ անվճար է տալիս ու հիշեցրել տոմսի պատմությունը` ասելով, որ հենց Օրբելյանն է օգնել իրեն ձեռնարկություն բացել։
Նշենք, որ Օրբելյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ իրեն տնօրենի պաշտոնից ազատելու հետ կապված սկանդալի ֆոնին։ Այսօր հայտնի էր դարձել, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նրան ազատել է թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ծանուցումն ուղարկվել է նախօրեին փոստով։ Թատերախումբը համաձայն չէ Ղարիբյանի որոշման հետ ու մտադիր է դատարանում բողոքարկել նրա գործողությունները։