ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։
Համանախագահների գնահատականով՝ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու առաջնորդներին հստակեցնելու իրենց դիրքորոշումները:
«Նրանք տեսակետներ փոխանակեցին մի շարք առանցքային հարերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։ Երկու առաջնորդներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Հիշատակելով Դուշանբեում իրենց ունեցած խոսակցությունը՝ առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում», - ասված է հայտարարության մեջ։
Համանախագահների ստորագրած տեքստում փաստվում է, ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց ղեկավարած երկրների արտգործնախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել ՄԽ համանախագահների հետ։
Երկու երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը։