Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 10 հեկտար պտղատու այգիներ ստեղծելու նախաձեռնությունը

Կառավարությունը կսուբսիդավորի 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիներ հիմնող տնտեսավարողներին` ինչպես անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ կոոպերատիվներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ ստեղծելու նախաձեռնությունները: Այս մասին որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կառավարությունը կսուբսիդավորի 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիներ հիմնող տնտեսավարողներին` ինչպես անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ կոոպերատիվներին:

Վարկերով ու առանց նախարարի. ի՞նչ է սպասում հայ գյուղացուն այս տարի

Վարկը տնտեսավարողին կտրամադրվի 5% տոկոսադրույքով, հայկական դրամով, մարման 7 տարի ժամկետով, մայր գումարի 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6 ամիս մարման պարբերականությամբ:

Պիլոտային ծրագրի իրականացման նպատակով  պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել էր 398,875,050 դրամ: Բայց ծրագրին մասնակցության ոչ մի հայտ չէր ներկայացվել, ուստի ծրագիրը տեղափոխվել է 2019թ:

Գեղամ Գևորգյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կսկսի գործել և արդեն 2020թ.-ին ինտենսիվ այգիները առաջին բերքը կտան:

Նա նաև հայտնեց, որ 2018թ.-ին Հայաստանից արտահանվել է 4000 տոննա պտուղ-հատապտուղ: Բայց արտահանման պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ինչպես Գևորգյանը պատկերավոր նշեց. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պտուղ-հատապտուղ արտահանելու հնարավորություն ունի»: Նրա խոսքով`աշխարհում այդ տեսակների մեծ դեֆիցիտ կա: Միայն ԵԱՏՄ-ում դեֆիցիտը շուրջ 7-8 մլն տոննայի է հասնում: