Հայտնի է` երբ կքննվի Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Սիլվա Համբարձումյանից պահանջում են հերքել Քոչարյանին զրպարտող տեղեկություններն ու վճարել 2 մլն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի ՀՀ քաղաքացիական դատարանում կքննվի ապրիլի 16-ին։ Այս մասին նշված է datalex.am կայքում։

Ալումյան. «Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են»

Քոչարյանի փաստաբանները Սիլվա Համբարձումյանից պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, որոնք նա հայտնել էր մամուլի ասուլիսի ժամանակ, և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 2 միլիոն ՀՀ դրամ։

Հիշեցնենք` 2018 թվականին նոյեմբերի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 2008 թ-ին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։

Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

2019թ–ի մարտի 13-ին Համբարձումյանը հերքել էր նաև Քոչարյանի փաստաբանների հայտնած տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Երկու ամսից ավելի ժամանակ է անցել։ Ես դատարանից ծանուցում չեմ ստացել»,– ասել էր նա։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։