ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայերը հարյուրամյակների ընթացքում ներդրումներ են ունեցել Ղրիմի բացառիկ մշակութային ձուլվածքի ստեղծման հարցում։ Այս մասին նշված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձում։
Կոպիրկինի ուղերձը ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղում ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը։ Մարտի 29-ին բուհում անցկացվում է «Ազգերի ինքնորոշման իրավունքը արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Այստեղ բացվել է նաև Ռուսաստանի և Ղրիմի միավորման 5-ամյակին նվիրված «Ժողովրդական կամքի ուժը» խորագրով ցուցահանդեսը։
«Հինգ տարի առաջ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներն անկախ, ժողովրդական կամարտահայտման արդյունքում ճակատագրական որոշում կայացրին. վերականգնել պատմական արդարությունը և վերադառնալ հարազատ տուն` Ռուսաստանի կազմ», – իր ուղերձում նշել է Կոպիրկինը։
Ուղերձում ասվում է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են իրենց և երեխաների ապագայի համար` աշխարհին ցույց տալով` ինչ է նշանակում իրական և ոչ թե կեղծ ժողովրդավարությունը։ Ղրիմի ինտեգրման աշխատանքները շարունակվում են, թերակղզին դինամիկ կերպով զարգանում է։
Դիվանագետն ընդգծել է, որ դաշնային և տարածաշրջանային իշխանությունները հետևողականորեն զբաղվում են փոքրամասնությունների, այդ թվում` Ղրիմի թաթարների և էթնիկ ուկրաինացիների մշակութային, լեզվական, կրոնական և այլ իրավունքների իրացմամբ։
Ցուցահանդեսն ու գիտաժողովը կազմակերպել են «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժինը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Ղրիմ գործարար և մշակութային կենտրոն» պետական ինքնավար հաստատությունը` Երևանում ՄՊՀ–ի մասնաճյուղի, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ–ի և «Հայաստանում Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մասնակցությամբ։