Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին

Իրանին օգնությունը ուղարկվելու է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա հայտնեց, որ երեկ է հանդիպել Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Գազատարի պայթյուն Իրանում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

«Օգնությունը մենք ուղարկում ենք հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով: Ուղարկելու ենք նաև տեխնիկական միջոցներ, ավտոմեքենաներ, փրկարարական խմբեր»,- ասաց Ցոլակյանը:

Հարցի հրատապությունից ելնելով` նախարարն առաջարկեց այն կարգավորել ոչ թե կառավարության որոշմամբ, այլ վարչապետի:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացավ հարցը կարգավորել օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Իրանի մի շարք նահանգներում անցյալ շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի:

Ջրհեղեղի պատճառով, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, Իրանի մի շարք շրջաններում ճանապարհները լվացվել են, վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը: