Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը բանակ չեն զորակոչվի

ՀՀ կառավարությունը տարկետման իրավունք տվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանն ու Գեղամ Գագիկի Ղադիմյանը կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Պաշտպանության նախարարը վստահեցնում է` զինվորների մահվան դեպքերը չեն թաքցվում

Այս մասին որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։

«Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը և Գեղամ Ղադիմյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքականի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին»,- նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ֆուտբոլիստներին մինչ այդ տարկետում էր տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Եվ քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։