Հատուկ պայմաններով կացարաններ` ընտանեկան բռնություն ենթարկվածների համար

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար 2 ապաստարան է գործում, որոնք ստեղծվել են հասարակական կազմակերպությունների կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ընտանեկան բռնություն ենթարկվածների համար կկառուցվեն հատուկ պայմաններով կացարաններ: ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց այդ կացարաններին ներկայացվող նվազագույն պահանջները:

Հայաստանում ավելացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. մայրերը սպանել են նորածիններին

Ինչպես նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ապաստարանը  պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության համակարգերով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ  պայմաններով:

Ապաստարանը նաև պետք է ունենա երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր։ Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց տեղավորումը:

Ապաստարանում պետք է աշխատեն առնվազն մեկ հոգեբան, սոցիալական աշխատող, անվտանգության աշխատակից, վարորդ, հավաքարար:

Ապաստարանի աշխատակից չեն կարող լինել նախկինում դատապարտված անձինք:

«Անկախ նրանից այդ ապաստարանները կստեղծվեն պետության կողմից, հասարակական, թե միջազգային կազմակերպությունների կողմից, դրանք պետք է համապատասխանեն սահմանված այս նվազագույն պայմաններին»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց Զարուհի Բաթոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար 2 ապաստարան է գործում, որոնք ստեղծվել են հասարակական կազմակերպությունների կողմից: