Ապտա՞կ, թե՞ գողություն. «Արարատ» ակումբում կրքեր են բորբոքվել

Ֆուտբոլիստներից մեկը թիմի գլխավոր մարզչին մեղադրում է ծեծելու համար, իսկ մարզիչը ֆուտբոլիստին` գողության։ Մեկը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ, մյուսը` ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Արարատի» եզրային հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի վերաբերյալ մեղադրանքով: Այս մասին գրում է ArmFootball.com–ը։ Հարավաֆրիկացի ֆուտբոլիստը մարզչին մեղադրում է իրեն ծեծելու մեջ։

«Նա երկու անգամ ապտակել է ինձ, վերջին անգամ` քաշքշել։ Ամեն անգամ ինձ ուրիշ դիրքում էր դնում, նույնիսկ մարզումների ժամանակ դժվարությամբ էի կարողանում հարմարվել դիրքին: Մարտի 25–ին էլ խաղից հետո Աբրահամն եկավ իմ սենյակ ու կանչեց ինձ՝ իմ անունից բացի գոռալով «հիմար, անօգուտ, սև արտասահմանցի», հետո ապտակեց ու հարվածեց ինձ»,–ասել է ֆուտբոլիստն ու հավելել, որ ուզել է հիվանդանոց գնալ, բայց իրեն չեն թողել։

Ֆուտբոլիստի հավաստմամբ` Խաշմանյանը երբեք իրեն խաղալու հնարավորություն չի տվել։

Զվանեն բողոքով դիմել է ֆեդերացիա, վկայություն տվել, պատմել՝ ինչ է եղել: Նրան խոստացել են քննել միջադեպը։ Ֆուտբոլիստը նշել է, որ եթե ֆեդերացիան չօգնի, ՖԻՖԱ է դիմելու այդ հարցով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը բանակ չեն զորակոչվի

Աբրահամ Խաշմանյանը, սակայն, նույն լրատվամիջոցի հետ զրույցում բացահայտ սուտ է որակել ֆուտբոլիստի ասածները։ Խաշմանյանը հավելել է, որ, այո, գոռացել է ֆուտբոլիստի վրա, սակայն բոլորովին այլ պատճառով։ Խաշմանյանի հավաստմամբ` Զվանեն ակումբից մարզահագուստ է գողացել, ինչի համար էլ ինքը բղավել է ու պահանջել այն հետ վերադարձնել։

«Ես երբեք հայի և օտարերկրացու միջև տարբերություն չեմ դրել: Իսկ ինչ վերաբերում է նրան հարվածելուն, ապա նա իրենից ոչինչ չի ներկայացնում, որ ձեռք բարձրացնեմ նրա վրա: Մեղադրանք ներկայացնելու համար հարկավոր է փաստեր ունենալ, այլապես յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ուրիշին ինչ-որ բանում մեղադրել»,–ասել է Խաշմանյանը։

Խաշմանյանը, ի դեպ, պատրաստվում է դիմել ոստիկանություն Զվանեի` ակումբից գողություն կատարելու համար։ Ըստ թիմի գլխավոր մարզչի` ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է մեկ ամսից, ու քանի որ վերջինս գիտի, որ չի լինելու թիմում, փորձում է իր դեմ կոալիցիա ստեղծել։ Խաշմանյանի հավաստմամբ` չնայած Զվանեի պայմանագրի ավարտին ընդամենը մեկ ամիս է մնացել, սակայն կփորձեն պայմանագիրն ավելի շուտ խզել։