Երևանի գլխավոր փողոցների լուսավորությունը մեկ ժամով կանջատվի

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը բոլորին հորդորում է միանալ նախաձեռնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 30-ին Հայաստանն արդեն 11-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

«Հայաստանում նույնպես ժամը 20։30-21։30 մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի գլխավոր փողոցների լուսավորությունը։ Այս համաշխարհային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման»,–նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Հիմնադրամը կոչ է անում միանալ նախաձեռնությանը։

«Մոլորակի ժամ» ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 մլն մարդ անջատել էին իրենց լույսերը` նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:

Նշենք նաև, որ «Մոլորակի ժամի» մասնակից քաղաքների թիվը տարեցտարի ավելանում է, և գնալով ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն` ապահովելով 1 մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում: