ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն 3 օր է հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Գյումրիում է:
Սա բլոգերի առաջին այցը չէ Գյումրի. տարիներ առաջ՝ 2013 թվականին եղել է քաղաքում, սակայն այդ ժամանակ պարզապես Վրաստան կատարած ճանապարհորդությունից հետո շատ կարճ ժամանակով էր Գյումրիում: Այդ տարիներից այնքան էլ հաճելի հուշեր չեն մնացել՝ «ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակները, փողոցների ցեխն ու տնակներում բնակվողների սոցիալական ծանր վիճակը:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ կիսելով իր տպավորությունները՝ բլոգերը նաև անկեղծանում է. «Այդ ժամանակ նույնիսկ մի ծիծաղելի դեպք տեղի ունեցավ: Առաջին օրն էինք Գյումրիում: Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող մի հյուրանոցում էինք մնում, առավոտյան ուզում էինք դուրս գալ սենյակից՝ պարզվեց փականը կոտրվել է ու մենք մնացել ենք սենյակում՝ երրորդ հարկում: Հյուրանոցի անձնակազմը երկար ժամանակ փականագործ չէր կարողանում գտնել: Այսպես մոտ 2-3 ժամ ստիպված մնացինք սենյակում:Սա առաջին տպավորություն էր Գյումրուց»:
Այս անգամ հայտնի ճանապարհորդի տպավորություններն ավելի վառ են:
«Երկրաշարժից 30 տարի անց դեռ խնդիրը կան՝ դեռ կան տնակներ ու այդ տնակներում՝ վատ պայմաններում ապրող ընտանիքներ, բայց տեսնում եմ, որ փողոցներում աշխատանքներ են ընթանում. դա լավ է, նշանակում է՝ որոշ ժամանակ անց ամեն ինչ բարեկարգ կլինի: Հուսով եմ՝ մի քանի տարի անց, եթե ոչ ամբողջ քաղաքը, բայց թեկուզ կենտրոնը լրիվ եվրոպական կդառնա: Քաղաքում կառուցվում են հյուրանոցներ ու ռեստորաններ, դա նույնպես շատ լավ է»,- նշում է Լապշինն ու անկեղծանում՝ եթե 2013 թվականին նորմալ տեղ չկար գիշերակացի, ապա հիմա հրաշալի հյուրանոցներ ու ռեստորաններ կան՝ շատ լավ սպասարկումով: «Գյումրիում այսօր ամեն մի անկյունում հյուրանոց, թանգարան, ռեստորան, սրճարան կա ու ամեն ինչ բաց ու շատ հասանելի: Կարծում եմ սա լավագույն ժամանակն է Գյումրին տեսնելու, քանի դեռ Գյումրիում զբոսաշրջային բում չի սկսվել»,- հավելում է Լապշինը:
Խոսելով Գյումրու մեկ այլ առանձնահատկության մասին՝ շատ երկրներում եղած ճանապարհորդը առանձնացնում է քաղաքի դիմագիծը, կոլորիտն ու մարդկանց: «Ուզում ես նույնիսկ կորչել այդ հին ու նեղ փողոցներով, հայտնվել փոքրիկ բակերում: Այնքա՜ն պատմություն ու կենդանություն կա այս քաղաքում. դա հենց այն է, ինչ պետք է զբոսաշրջիկին: Քաղաքը նաև օդանավակայան ու երկաթուղի ունի, սա մեծ պլյուս է, իսկ ամենակարևորը՝ հին քաղաքն է: Սա այն քաղաքն է, որտեղ զբոսաշրջիկը նվազագույնը 4 օր կարող է անցկացնել: Երրորդ օրն է Գյումրիում եմ, բայց հասկանում եմ՝ միայն կեսն եմ այս ընթացքում հասցրել տեսել, այնպես որ Գյումրի կրկին գալու պատճառներ ունեմ: Այս քաղաքում ամեն տուն իր պատմությունն ունի»:
Ալեքսանդր Լապշինը խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել այն հարստությունը ինչ ունի քաղաքը՝ ի նպաստ հենց քաղաքի զարգացման. Դա կարող է լինել քաղաքի տեսարժան ու հետաքրքիր վայրերի մասին ինֆորմացիայի պակասի լրացումը: «Կարելի է նաև որոշ վայրեր մուտքի գումարով անել՝ շատ խորհրդանշական գումար, որը տուրիստը պատրաստ կլինի վճարել, իսկ դա հետո կծախսվի քաղաքի բարեկարգմանը: Այստեղ նաև համեղ է ամեն ինչ ու նաև բավական մատչելի զբոսաշրջիկների համար, ինչը ևս շատ լավ է»- արձանագրում է Լապշինը:
Վերջում Լապշինն անկեղծանում է՝ Հայաստանը շատ է հավանում, իսկ ամենաշատը սիրեց Սյունիքի մարզը՝ իր հրաշք բնությունով, Գորիս ու Գյումրի քաղաքները՝ իրենց յուրահատուկ դիմագծերով: