Տոկոսի տակ մնացածներն ու վարչապետի և ԱԺ նախագահի ապառիկները. «լալու բան է, կխնդանք»

Ապառիկով լվացքի մեքենա և կենցաղային այլ տեխնիկա գնելու վերաբերյալ վարչապետի ու ԱԺ նախագահին ասածները ցնծություն են պարգևել սիրելի ժողովրդին, հարկատուներին, իշխանության «ուզողներին» ու հատկապես՝ «չուզողներին»: Դե, ինչպես վերջերս հաճախ է պատահում, ասում-խոսում ենք: Այնինչ, նախկին նախարար ու ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի տված հարցն ու արծարծած խնդիրը շատ ավելի լուրջ կողմ էլ ունի:
Sputnik

Ամբողջ Հայաստանն ու, ոչ միայն մերոնք, իմացան, որ մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանենց տան կենցաղային էլեկտրատեխնիկան ապառիկով է գնված, իսկ լվացքի մեքենայի վարկն էլ, կարծես, դեռ ամբողջովին չեն մարել: Նմանապես իմացանք, որ պետության մյուս բարձրաստիճան ղեկավարը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չվճարած տուգանքի համար ԴԱՀԿԾ-ն կալանք էր դրել նրա հաշվի վրա, մի խոսքով՝ չէին տվել:

Ազգային ժողովի նախագահ, ի պաշտոնե պետության առաջին դեմքերից մեկի կարգավիճակ ունեցող Արարատ Միրզոյանի հեռուստացույցի հարցը լուծվեց, գրեթե՝ «տեղում»: Դե, այսօր առավոտյան «Այլընտրանք» ՀԿ համանախագահների անունից ԱԺ տպավորիչ կառույցի ոճավոր ցանկապատի մոտ «Դեվու» մակնիշի մի հեռուստացույց էր դրվել՝ համապատասխան տոնական ձևավորմամբ ու գրությամբ՝ «նվեր Արարատ Միրզոյանին»: Հասկանալի է, որ դա թեև հեգնական, բայց պոզիտիվ միջուկով ակցիա էր, որն արագորեն դարձավ ցանցային լրահոսի մինչկեսօրյա գլխավոր թեման:

Փաշինյանը չի փակել լվացքի մեքենայի ապառիկը, իսկ ԱԺ նախագահին ապառիկ չեն տալիս

Չէ, վարչապետի աշխատավայրի, այսինքն՝ կառավարության շենքի մոտ ոչ ոք չէր համարձակվել լվացքի մեքենա տանել` որպես նվեր: Համ էլ, Նիկոլ Փաշինյանը դիմել, ապառիկը ձևակերպել, ապրանքը ստացել ու արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում են, վճարումներն էլ  կանոնավոր կատարում: Մյուս կողմից, լավ է, որ ԱԺ նախագահը վարկով ավտոմեքենա կամ բնակարան գնելու համար չէր դիմել ու մերժում ստացել, այլ ընդամենը հեռուստացույցի: Դե, հազիվ թե որևէ ՀԿ, եթե այն հայտնի դրամաշնորհաշնորհողի հետ կապված չէ, կարողանար ավտոմեքենա ընծայելու ճոխություն թույլ տար իրեն: Չնայած, հաշվի առնելով պետության ղեկավար այրերի պաշտոնական աշխատավարձերի բարձրությունը, նրանք անձամբ կարող են իրենց թույլ տալ ապառիկով ձեռք բերել ոչ միայն լվացքի, այլև «գնացքի» մեքենա, այսինքն՝ ավտոմեքենա, էլի:

Ի դեպ, լվացքի մեքենա ասածի հետ մեր տաղանդաշատ ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանի՝ տարիներ առաջ արած ծաղրանկարն ամենից շատն է սազական գալիս: Պատկերված է լվացքի մեքենան է որպես ամբիոն, խոսափողով ու մեջը «կարուսել նստած» ուղեղներով:

Սա խոսքի հետ:

Տոկոսի տակ մնացածներն ու վարչապետի և ԱԺ նախագահի ապառիկները. «լալու բան է, կխնդանք»

Այլ բան է հետաքրքիր: Պատգամավոր Մանե Թանդիլյանի տված բուն հարցն այն է, թե ինչպե՞ս է բացատրվում սպառողական վարկերի պորտֆելի մոտ 37 տոկոսանոց աճը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե սպառողական վարկերի աճի տոկոսը միշտ ունի մեկ բացատրություն` դա սպառողի տրամադրությունն է արտահայտում: «Բացի լավատեսությունից, ուրիշ բացատրություն չունեմ»,-ասաց Փաշինյանը:

Բայց արդյո՞ք սպառողական վարկեր վերցնելը, այն էլ ծավալային առումով նման շեշտակի աճողական միտմամբ, ուրիշ բացատրություն չունի, հանրությանը, չգիտես թե ինչի հաշվին համակած լավատեսությունից բացի: Մինչ այդ առումով մեր ոչ այնքան լավատեսական դիտարկումներին ու հարցադրումներին անցնելը, հիշեցնենք նույն հարցուրատասխանի ընթացքում Մանե Թանդիլյանի բարձրաձայնած դիտարկումը. «Երբ խոսում եմ սպառողական վարկերի աննախադեպ աճի մասին, Դուք լավատեսորեն եք նայում, բայց սպառողական վարկի միտումն ընթացիկ ծախսերը հոգալն է, արդյոք սա չի՞ հուշում, որ մեր քաղաքացիների սպառմանը միտված միջոցները բավարար չեն, հետևաբար, վարկի տեսքով են նրանք այդ սպառումն ապահովում»: Նախին նախարարն ու ներկայիս պատգամավորն այստեղ խնդիր է տեսնում, մանավանդ, երբ պատկերը համադրում է ավանդերի ցուցանիշի հետ. «Այս տարի ավանդներն աճել են 7 տոկոսով, այնինչ նախկինում շատ ավելի բարձր է եղել ավանդների աճը: Այս առումով անհանգստանալու տեղ կա»:

Ապառիկի խնդիրը լուծվեց. Արարատ Միրզոյանը նվեր է ստացել

Հավելենք` ոչ միայն այդ առումով: Ո՞վ հստակ գիտի, թե ինչի՞ համար են հազարավոր քաղաքացիներ սպառողական վարկ ձևակերպում կամ ձևակերպել հունվարի կեսերից մինչ օրս: Հնարավոր է` վարկավորման փաստաթղթերում ինչ-որ բաներ գրվում էլ են, հնարավոր է` վարկառուների մի մասն իսկապես ինչ-որ կենցաղային տեխնիկա է գնել այդ վարկերով` բջջային կիսաթանկարժեք հեռախոս, գուցե տուրիստական ուղեգիր:

Բայց կարող եք չկասկածել, որ այս ընթացքում սպառողական վարկ վերցրած հայրենակիցների շարքերում քիչ չեն նաև նրանք, որ նոր վարկ են վերցրել՝ նախկինում վերցրածները սպասարկելու, տոկոս-մոկոսի ծախսերը հոգալու նպատակով: Կան, որ պարզապես արդեն չեն տեղավորվում եկամուտների և ծախսերի միջակայքում ու  սպառողական վարկով են այդ վիճակի տակից փորձում դուրս գալ: Ի վերջո, նկատենք, որ երկրում կյանքը որոշակիորեն թանկացել է, զանազան պարենային ապրանքների գները վեր են սողացել, կոմունալ ու, հատկապես, ջեռուցման ծախսերի ծավալները չեն պակասել, վարձավճարները չեն նվազել և այդպես շարունակ:

Հա, գուցե խիստ լավատեսորեն են տրամադրված, որ ի վերջո, մեկ էլ տեսար աշխատատեղեր բացվեցին, տնտեսությունն աշխուժացավ և այլն, բայց կարող եք չկասկածել, որ շատ ու շատ մարդիկ վարկային բեռի տակ են մտել ընթացիկ ծախսերը լիարժեք հոգալ չկարողանալու, ծայրը ծայրին հասցնելու անհրաժեշտությունից ելնելով: Ու այդ տեսանկյունից պատգամավոր Թանդիլյանի անհանգստությունը շատ ավելի պատճառաբանված է, քան վարչապետ Փաշինյանի՝ լավատեսության մասին բացատրությունը:

Մոտեցումն ավանդական է, քիթն էլ՝ դե գիտեք, թե ումն է…

Առավել ևս, որ գրեթե ամեն ծակուծուկից ինչ-որ արագ ու առանց ավելորդությունների ձևակերպվող վարկերի գովազդ-գայթակղագրեր են, թե եկե՜ք, 50 հազարից մինչև 1 միլիոն դրամ փող վերցրեք: Ովքե՞ր են, ի՞նչ վաշխառու-միջնորդներ են`կարծես այնքան էլ շատ չի հետաքրքրում պետական համապատասխան կառույցներին: Մարդիկ կան, որ իրենց իրավական ու ֆինանսական թերի ընկալումների հետևանքով, կարող են գնալ ու վարկի պատանդ դառնալ: Ո՞վ է դրանով հետաքրքրվում: Թե՞, ասենք, մեկ-երկու նախազգուշացնող հայտարարություն եղավ ու վե՞րջ:

Եվ մի բան էլ: Հատկապես սոցցանցերում, տարբեր օգտատերեր նկատեցին, որ ապառիկով բան առնելու կամ նույնիսկ ապառիկ վերցնելու հարցում մերժվելու վերաբերյալ պետության ղեկավար այրերի ասածներն այն ենթատեքստն ունեին, թե տեսե՜ք, մենք պարզ, հասարակ, ձեզ պես քաղաքացիներ ենք, Հայաստանն էլ արդեն այնպիսի երկիր է, որ անգամ ԱԺ նախագահին չվճարած տուգանքի համար կարող են ապառիկի հարցում մերժել: Մի խոսքով, թերևս ակնարկում են, թե որքան ժողովրդական մարդիկ են:

Բայց մի՞թե դրա, այսինքն` նման ակնարկումների կարիք կա: Եթե ժողովրդից կտրվածի համարում ունեցող նախկին իշխանավորները նման բաներ անեին, այլ բան: Բայց ախր գործող իշխանավորներն ընդամենը մի 10-11 ամիս առաջ ժողովրդի ոգևորության ու ձեռքերի վրա եկան իշխանության, իսկ մի երեքուկես ամիս առաջ էլ նույն ժողովրդի ձայների մեծամասնությամբ վերահաստատվեցին: Նրանք, ի՞նչ է, այդքան խիստ կարի՞ք ունեն ցույց տալու, որ ժողովրդից կտրված չեն: Պետք է որ նման անհրաժեշտություն չունենային:

Իսկ սպառողական վարկերի ծավալի, ինչպես պատգամավորուհին էր նշել՝ աննախադեպ աճով անհանգստանալ իսկապես արժե: Վաղը տոկոսի տակ մնացածների բազմության ու, ըստ այդմ, դառը փաստի առաջ չհայտնվելու համար գոնե: