Նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում դարձան 25 500 դրամ

Նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ու նպաստ Հայաստանում այլևս չի լինի։ ԱԺ–ն հաստատեց կառավարության ներկայացրած օրինագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանի թոշակառուներն ու նպաստառուներն այլևս 25 500 դրամից ցածր չեն ստանա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։

ՀՀ–ում 25 500 դրամից ցածր կենսաթոշակ չի լինի. ԱԺ–ն քննարկում է թոշակների բարձրացման հարցը

Նախագծին կողմ քվեարկեցին 111 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ թեև իրենք քննարկման ընթացքում քննադատել են կառավարության առաջարկած չնչին ավելացումը, բայց կողմ կքվեարկեն նախագծին, քանի որ օրենքի շահառուները նույնիսկ այդ չնչին գումարի կարիքն ունեն։

Նշենք, որ նոր օրենքն ուժի մեջ է մտնում 2019թ–ի հունվարի 1-ից։ Իսկ հունվար, փետրվար, մարտ ամիսների չստացած ավելացումների համար թոշակառուներն ու նպաստառուները կստանան վերահաշվարկ։

Խորհրդարանն ընդունեց նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ՏՏ ոլորտի նորաբաց ընկերությունների համար սահմանված հարկային արտոնությունները երկարացվեցին մինչև 2022թ–ի դեկտեմբերի 31-ը։

Ազգային ժողովն ընդունեց նաև «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրերը վավերացնելու մասին նախագծերը։