Մարությանի գրությունից հետո պարզվել է` որքան գումար են վերցրել քաղաքապետարանի աշխատողները

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն անօրինական գումարներ են հավաքել շուկայում առևտուր անողներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, դատախազությունն էլ` ոստիկանությանը, ու պարզվել է, որ 9 անհատ ձեռներեցներ առևտուր անելու համար երեք տարվա ընթացքում առձեռն գումար են տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին։ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար

Ըստ հաղորդագրության` Մարությանը ՀՀ գլխավոր դատախազին է դիմել 2019 թվականի մարտի 18-ին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:

Համաձայն դրանց՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն դրանք չեն մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայում:

Հաղորդումը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ՀՀ դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 9 անհատ ձեռներեցներ 2015-2018 թվականներին, տարբեր ժամանակահատվածներում գործունեություն ծավալելու ընթացքում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գործող գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացման համար յուրաքանչյուր տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին որպես տուրք առձեռն տվել են 41 հազարից մինչև 86 հազար ՀՀ դրամ գումար։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017թ․․ ընթացքում նշված շուկայում սննդի կազմակերպման և ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող անձանցից տուրքերի գումարներն առձեռն ստացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի երկու մասնագետներ:

Կաշառք ստանալուց հետո ձերբակալել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին. տեսանյութ

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնին: