Ինչու է Հայաստանն առաքելություն ուղարկել Սիրիա. Փաշինյանի պարզաբանումը

Վարչապետը վստահ է, որ առաքելություն ուղարկելով Սիրիա` Հայաստանը պատմական պարտքն է վերադարձնում Սիրիայի ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանը Սիրիա առաքելություն է ուղարկել ինքնիշխանության և պատմական առաքելության նկատառումներով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր ԱԺ–ում` պատասխանելով հարցին, թե ինչու էր Հայաստանը խաղաղապահ առաքելություն ուղարկել Սիրիա։

2011թ.–ից ի վեր Սիրիան լքել է մոտ 70 հազար հայ

«Գնացել էինք մեր ինքնիշխանության և մեր պատմական առաքելության նկատառումներով»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ հայ բժիշկներն այդ երկրում արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություններ են արել:

«Ես համարում եմ, որ եթե հայ բժիշկն այսօր այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915թ-ին ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի է օգնել` մի բաժակ ջուր է տվել կամ մի կտոր հաց, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ Սիրիայի ականապատված տարածքներում այսօր երեխաներ են վազվզում ու խաղում, և հայ սակրավորներն այսօր ականազերծում ու դրանով փրկում են իրենց պապերին Սիրիայում փրկած մարդկանց ժառանգներին:

Խաղաղապահ առաքելությունը, Փաշինյանի դիտարկմամբ, ունի նաև ռիսկեր, բայց այն մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային սուբյեկտ լինելու ընկալումը: Դրանով այս առաքելությունը, ըստ Փաշինյանի, բարոյապես, մարդկայնորեն ու քաղաքականապես ճիշտ առաքելություն է:

Արտակ Դավթյանն այցելել է Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորին

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն փետրվարի 8-ին հայտարարել էր, որ 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։