Հեղափոխությունից անցել է 1 տարի, մենք բարի ցանկություններ ենք հայտնում. Մելքումյան

ԲՀԿ պատգամավորը կարծում է, որ կառավարման միջին ու ստորին օղակներում պետության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ երբ հայտարարվում է տնտեսական հեղափոխության մասին, մեկ տարի հետո պետք է պատասխան տալ, թե ինչքանով է ստացվել: Նա այս մասին ասաց այսօր Ազգային ժողովում «ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ։

Հեղափոխության տնտեսական ձեռքբերումները, կամ ինչի մասին է վկայում խոշոր հարկատուների ցանկը

«Հեղափոխությունից հետո անցել է 1 տարի, Հայաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակ ունեցողն է` մոտավորապես 18 տոկոս, Վրաստանը` 12.7 տոկոս, Ադրբեջանը` 5 տոկոս, Թուրքիան` 13.5 տոկոս, ՌԴ–ն` 4.9 տոկոս, Ղազախստանը` 4.8 տոկոս, Մոլդովան` 2.9 տոկոս: Աղքատության մակարդակով ևս Հայաստանն ամենաբարձր երկիրն է` 29.4 տոկոս: Վրաստանը` 21 տոկոս, Ադրբեջանը` 5 տոկոս, Թուրքիան` 1.6 տոկոս, ՌԴ–ն` 13.6 տոկոս»,- ասաց Մելքումյանը:

Օտարերկրյա ներդրումների ցուցանիշներով ևս 2018թ-ի տվյալներով Հայաստանը, նրա խոսքով, տարածաշրջանում վերջին դիրքերում է եղել: Ըստ պատգամավորի ներկայացրած վիճակագրության, օտարերկրյա ներդրումներն անցյալ տարի մեր երկրում կազմել են 246 մլն դոլար, Վրաստանում` 1.8 մլրդ, Ադրբեջանում` 2.9 մլրդ, Թուրքիայում` 10 մլրդ, ՌԴ-ում` 25 մլրդ դոլար:

Երկրի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման համար բարի ցանկությունը, ըստ Մելքումյանի, բավարար չէ, պետք է նաև գումար, որի վրա պիտի հենվեն տնտեսական բեկումները:

ԲՀԿ–ն թերահավատ է Փաշինյանի տնտեսական հեղափոխության իրականացման հարցում

«Եթե կա վերևներում քաղաքական կամք, դա չի նշանակում, որ ներքևում արդյունավետությունը բարձրանում է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կառավարման միջին ու ստորին օղակներում պետության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել:

«Փողերն այստեղ շարունակում են վատնել ու յուրացնել, այնպես, ինչպես հեղափոխությունից առաջ»,– ասաց նա:

Այս առումով Մելքումյանը թերահավատություն հայտնեց, որ արտաքին պարտք ներգրավելու դեպքում այդ գումարների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին հայտարարել էր նոյեմբերի 24-ին Երևանում անցկացված քայլերթով։